Posted in Ընթերցարան, Uncategorized

Գյումրվա բարբառ

Բառը լեզվի նվազագույն ազատ միավորն է, որը կարող է առանձին արտասանվել՝ կրելով որոշակի իմաստային բովանդակություն, ի տարբերություն լեզվի ամենափոքր միավոր բառարմատի, որը թեև ունի իմաստային պարունակություն, բայց առանձին ազատ միավոր չէ։ Բառը կարող է կազմված լինել միայն մի ձևույթից (օրինակ՝ օ՜հ, տուն, բու, նուռ) կամ՝ մի քանիսից (տներ, բվի, նռնենի)։ Ձևույթը գուցե և չունենա ինքնուրույն գործածություն, ինչպես բառերը (վերոնշյալ բառերում՝ -են, -ի, -ենի)։ Ածանցավոր բառերը հիմնականում կազմված են լինում արմատից և մեկ կամ ավելի ածանցներից (նռ-նենի, օգն-ական, բառ-արան), իսկ բարդ բառերը պարունակում են մեկից ավելի արմատներ (գր-ա-սեղան, առանձն-ա-տուն)։ Բառերը միավորվում են ստեղծելու համար լեզվի ավելի մեծ միավորներ՝ բառակապակցություններ (մեծ տուն), նախադասություններ՝ պարզ (Նա նետեց գրիչը։) և բարդ (Նա նետեց գրիչը, և Աննա բռնեց դա:):

Բառ տերմինը կարող է վերաբերել բանավոր ասված բառին կամ գրված բառին կամ որևէ մեկի նշանակած վերացական իմաստին։ Բանավոր բառերը արտասանվում են հնչյունային խմբերով՝ հնչույթներով, գրավոր բառերը կազմված է գրույթներից, նշաններից ինչպիսիք են օրինակ լեզվի այբուբենի տառերը։

Լեզվաբանության մեջ ամերիկացի լեզվաբան Լեոնարդ Բլումֆիլդն առաջինն է արտահայտել բառերի մասին նվազագույն ազատ ձևեր հասկացությունը կառուցվածքային լեզվաբանությանը նվիրված իր ազդեցիկ գիտական աշխատության մեջ[1]:

Posted in Աղայանական օրեր, Uncategorized

Ղազարոս Աղայան. Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:


Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…