Posted in Ռոդարիական օրեր, Ընթերցարան, Uncategorized

Ջաննի Ռոդարի

Տարօրինակ հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«c Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

1.Տեքտից դուրս գրիր մեկ հարցական և մեկ պատմողական նախադասություն:

2. Տրված նախադասությանը ավելացրու կոչական:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի։

Հիշեցում՝ այն բառը, որ ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղվում խոսքը, կոչվում է կոչական:
Օրինակ՝ Արա′մ, տուն արի: Արամ բառն այստեղ կոչական է:

3.Տեքստի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր
4. Կազմիր բառեր (որքան հնարավոր է` շատ) հետևյալ վերջածանցներով՝

ական

իկ

ովին

5. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը

բ/ հարցերին

գ/ դարակները

դ/ խրճիթ

6. Հետևյալ բառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով -եր կամ -ներ վերջավորությունը:

Սեղան, պատառաքաղ, դարակ, պատասխան, գուլպա, ձուկ, կատու, պահարան:

7. Առանձնացրու և առանձին խմբերով գրիր առարկա ցույց տվող բառերը, առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը և գործողություն ցույց տվող բառերը:

տղա,  հարց, վատ, հնարել, աչքեր, երկար, հեռանալ, պոչ, կատու, մեծանալ, պատախանել, շինել, զարմանալի, հիմար