Երբ նայում ենք հեռուն, մեզ թվում է, թե մի տեղ երկինքն ու երկիրը միանում են: Այդ երևակայական սահմանը, ուր երկինքն ասես միանում է երկրին, կոչվում է հորիզոնի գիծ, իսկ մինչև հորիզոնի գիծն ընկած տարածությունը, որ ընդգրկում է մեր հայացքը, կոչվում է հորիզոն: Հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը հորիզոնի կողմերն են:
Հիշու՞մ եք, թե ինչպես էիք որոշում հորիզոնի կողմերը: Ի՞նչ պիտի անենք դրա համար:
Կողմնացույց
Մագնիս անունով մի հովիվ մի անգամ զարմանքով նկատում է, որ ինչ-որ ուժ իրեն կանգնած տեղին է գամել: Պարզվում է՝ ապարը ձգում է նրա կոշիկների ներբանի մեխերը: Հովվի հայտնաբերած այս ապարը նրա պատվին մագնիս անվանեցին:
Մագնիս տեսել եք, չէ՞: Ի՞նչ առարկաներ է ձգում:
Կատարենք մի փորձ: Վերցնենք մագնիսի կտոր և դանդաղ մոտեցնենք մետաղադրամներին: Կտեսնենք, որ դրամներն ասես ցատկելով կպչում են նրան: Մագնիսի ուժն ազդում է առարկաների վրա, նույնիսկ առանց մագնիսը նրանց հպելու: Այն տարածությունը, որի վրա ազդում է մագնիսի ուժը, կոչվում է մագնիսական դաշտ:
Մագնիսը մի կարևոր հատկություն էլ ունի. եթե թույլ տանք, որ մագնիսի կտորն ազատ շարժվի, ապա մի ծայրը միշտ դեպի հյուսիս ցույց կտա, մյուս ծայրը՝ հարավ: Մագնիսի այս հատկությունն օգտագործելով՝ մարդիկ ստեղծել են կողմնացույցը:
Հորիզոնի չորս հիմնական կողմերից բացի՝ կողմնացույցի վրա նշվում են չորս միջանկյալ կողմերը՝ հյուսիս-արևելք, հարավ-արևելք, հարավ-արևմուտք և հյուսիս-արևմուտք:
Շարունակել կարդալ “Տեղանքի հետազոտում”